ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը, Պրոբացիայի ծառայության ղեկավար Գուրգեն Աֆրիկյանը և այլք:
Միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների պաշտպանությունը և աջակցության ծրագրերի հասանելիությունը պրոբացիայի շահառուների ընտանիքներին։
Բացման խոսքում Գևորգ Քոչարյանը կարևորել է պետական համակարգի՝ հատկապես արդարադատության ոլորտում իրականացվող քայլերը, որոնք ուղղված են երեխաների բարեկեցության ապահովմանը։ Նա ընդգծել է, որ պրոբացիայի շահառուների երեխաների համար կազմակերպված միջոցառումները ոչ միայն ուրախալի են, այլև նպաստում են ընտանիքների վերաինտեգրմանն ու երեխաների զարգացմանը։
ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանն իր հերթին շնորհավորել է երեխաներին տոնի կապակցությամբ և ընդգծել, որ նման միջոցառումները մշտապես գտնվելու են Կենտրոնի ուշադրության կենտրոնում՝ որպես վերականգնողական աշխատանքի կարևոր բաղադրիչ։
Միջոցառման ընթացքում երեխաների համար ներկայացվել է «Լավ ընկերը» տիկնիկային ներկայացումը՝ Մեծամորի «Ընտանիք և համայնք» կազմակերպության պատանի դերասանների մասնակցությամբ։
ՊՈԱԿ-ի կողմից երեխաներին տրամադրվել են գրենական պիտույքներ և «Անտարես» հրատարակչության պատրաստած գրքեր։
Տոնական տրամադրությունն ամբողջացրել է նաև աշուղ Լեյլիի երաժշտական կատարումը։
Միջոցառումն ամփոփվել է թանգարանի այգում կազմակերպված հյուրասիրությամբ։
