Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։
ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։
«Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում: Խմբաքանակը բերվել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- ասել է Հարությունյանը։