Որպես հոգևորական և ՀՀ քաղաքացի՝ մեծ վշտով և խորը մտահոգությամբ եմ արձագանքում երկրի ղեկավարի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին, որոնք բացահայտորեն ոտնահարում են նաև մեր Եկեղեցու զավակների կրոնական զգացումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մովսես քահանա Սահակյանը։
«Վերջին երկու օրերի ընթացքում ՀՀ վարչապետը, ով ներկայացնում է մեր պետությունն ու ժողովրդին, իր հրապարակային խոսքերում անվանել է մեր եկեղեցիները «չուլան», իսկ հոգևորականներին վիրավորել է` անպարկեշտ, լկտի և նվաստացուցիչ արտահայտություններով։ Նման վարքագիծը, որն առնվազն անհարիր է պետության առաջին դեմքին, ոչ միայն հարցեր է առաջացնում նրա սթափության ու պատասխանատվության վերաբերյալ, այլև խորը սպառնալիք է ազգային ինքնության, հանրային բարոյականության և պետականության հիմքերի համար։
Երբ հոգևորականը ենթադրյալ մեղադրանքի է արժանանում ոչ թե իրավական ընթացակարգով, այլ հրապարակային նվաստացմամբ ու անձնական վիրավորանքով, ապա դա այլևս քննադատություն չէ, այլ դիտավորյալ պառակտման փորձ։ Իսկ երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս իրեն նման լեզու՝ Եկեղեցու հասցեին, ապա նա արժեզրկում է ոչ միայն ինքն իրեն, այլև իր պաշտոնն ու ամբողջ պետական ինստիտուտը։
Ես՝ որպես այս երկրի արժանապատիվ քաղաքացի և Հայոց Եկեղեցու զավակ, պահանջում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի խոսքը համահունչ լինի իր զբաղեցրած պաշտոնին։
Հասարակության բարոյական միասնությունը, իսկ առավել ևս՝ պետության կայունությունը, չի կարող կառուցվել մերկապարանոց մեղադրանքների և վիրավորանքի հենքի վրա։
Երբ հոգևորականը մեղանչում է, գործում են եկեղեցական կանոնները։ Իսկ երբ երկրի ղեկավարը կորցնում է խոսքի ձևը, արժանապատվությունը և պետական լեզվի մշակույթը, մի՞թե չպիտի գործի պետական կարգն ու հասարակության արժանապատիվ վերաբերմունքը։
Ոչ ոք վեր չէ բարոյական արժեքներից։ Եվ առավել ևս՝ պետության ղեկավարը։ Ես աղոթում եմ մեր երկրի առաջնորդների համար, որ խոհեմություն ունենան տարբերակելու բարոյական պատասխանատվությունը քաղաքական շահարկումից։ Բայց եթե չեն կարողանում պահել անգամ նվազագույն բարոյական շեմը, ապա թող լուռ հեռանան՝ չավերելով այն, ինչը կառուցվել է հազարամյակների ընթացքում»,-ասված է հայտարարության մեջ։