Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ քննարկում են անցկացրել պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ վճարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու հնարավորություն նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց. «Նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկվում է: Մինչև նախագծի հետ կապված բոլոր մտահոգությունները չփարատվեն, նաև հանրային կարծիքը հաշվի առնելով, նախագիծը դեռևս քննարկման փուլում կգտնվի»:

Պատգամավորի խոսքով՝ բովանդակային քննարկումները շարունակվելու են: Քննարկում են ունեցել նախագծի բոլոր կետերի ու կարգավորումների վերաբերյալ:

«Քննարկելու ենք, հնարավորինս լավարկելու ենք: Պետք է այս նախագիծն առավելագույնս լավարկվի: Եվ, եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները լուծվում են, և հանրային կոնսենսուսն էլ կա, այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրությունն ու մեր գործընկերներն ունեին, փարատված կլինեն, նախագիծն արդեն կգնա ընդունման ճանապարհով: Հիմնական տարընկալումները, բազմակարծությունը, որ կա, գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված»,–ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք առկա քննադատությունների ֆոնին նախագիծը հանել շրջանառությունից՝ պատգամավորը պատասխանեց, որ ամեն ինչ էլ քննարկվում է:

Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն էր տվել Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին, որով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 32 տարեկանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել