ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ։
«Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, նրա գոյությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս, բայց Առաջին հանրապետությունը մեզ չորսուկես դար պետականազուրկ ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը։
Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։
Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել պետության անկախ այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին հանրապետությունը։ 1991-ին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խոր հետք չի թողել մեզանում։ Անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։
Բայց հիմա արդեն Երրորդ հանրապետության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ՝ մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել մի քանի առանցքային իրողություն։
Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը։
Իրողություն թիվ 2. 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։
Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։
Իրողություն թիվ 3. Վերջին չորսուկես դարի մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ «Մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ»՝ սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության և պատմական Հայաստանի ուղերձից։
Իրողություն թիվ 4. Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, և այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը և նրա ստեղծած հնարավորությունները։
Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է։ Հանրության և յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունն ուղիղ համեմատական են այս իրողության հանրային և անհատական գիտակցման, և այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Ազատության և պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե՛ ազատության, թե՛ պետականության կորստի ճանապարհ են»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց այս իրողություններն են արձանագրում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
Վարչապետը նշեց, որ դեպի ՀՀ հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։
«Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։
Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս ՀՀ ուղեկիցը չեն։ ՀՀ ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումը և ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղությո՛ւն։ Բոլորիս շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ։ Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը։