Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր՝ 500.000 ՀՀ դրամ կաշառք:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը:

Մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար դասախոսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել