Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՔԿ-ից 590 հազար դոլար իրեղեն ապացույցի գողության դեպքին։
«Այն վայրը, որտեղից տեղի է ունեցել գողությունը, տեղակայված է ՊԵԿ բաժնում։ Շենքի պահպանությունն իրականացնում է մասնավոր կազմակերպություն, և դեպքը բացահայտվել է հենց ՔԿ աշխատակիցների կողմից։ Քննիչը տեսել է առերևույթ հանցանք կատարած անձին և քննիչի հետևողականության արդյունքում հետագայում հնարավորություն եղավ բացահայտել առերևույթ հանցանք կատարած անձին։ Ես վարույթի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև քրեական վարույթի նախաքննությունը տեղի է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեում»,-ասաց նա։
ՔԿ նախագահի խոսքով՝ իր հանձնարարությամբ Գլխավոր վարչությունում տեղի է ունեցել գույքագրման աշխատանքներ, քանի որ առկա են եղել առգրավված մեծաքանակ ապրանքներ, այդ թվում՝ թանկարժեք առարկաներ։
«Գույքագրման արդյունքում որոշվեց գումարների տնօրինման կամ հետագա պահպանության հարցը լուծել և համապատասխան գրություն հասցեագրվեց Կենտրոնական բանկին, որպեսզի լուծվի էդ գումարների պահպանման հարցը։ Մենք գրություն ստացանք, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ԿԲ-ն այլևս պահպանության չի վերցնում»,-ասաց Արթուր Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ ձերբակալվել և կալանավորվել է ՔԿ աշխատակից՝ վարչության պետի պաշտոնակատար, որը կազմակերպել է հանցագործությունը։ Արթուր Պողոսյանը հղում անելով քրեական վարույթ նախաձեռնած մարմնին՝ ասաց, որ գումարի զգալի մասը հայտնաբերվել է։