«Մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար». գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը չքննարկվեց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստը չեղարկվել է։ Օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը:

Փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք պետք է քննարկենք, և հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնելու, լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար։ ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից»։

Նախագծի հեղինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանը հակադարձելով ասաց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս նախագիծը, այլև կա մեծ սպասում. «Ե՛վ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում բնակվող հայերը սպասում են այս փաթեթի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում»։

Հիշեցնենք՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով՝ զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։

«Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման […]: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ: Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից:

ՄԻ պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ՝ համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել