Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով եւ 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Մասնավորապես, առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու՝ 461-րդ հոդվածում պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման: Վարժական հավաքներից խուսափելու՝ 462-րդ հոդվածում առաջարկվում է «սանկցիայի տուգանք» պատժատեսակի չափն ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը «քսանապատիկի չափո» բառերը փոխարինել «տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը «երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով: «Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը»,- նշել է Գեւորգ Քոչարյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են պարտադիր զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից զարտուղի ճանապարհներով խուսափելուն վերաբերող խնդիրներին, հարցի հասարակական վերահսկողությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին ու դիտարկումներին:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել