“Ռոյալ Բիլդինգ” ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ երեկ ձևավորված խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։
Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել»,-նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
«Ալիանս պլազան» ևս հայտարարել է, որ երեկ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։
Նշված շենքերը կառուցվել են և պատկանում են միայն «Ալիանս 64» ՍՊ ընկերությանը։
Եվ ևս մեկ անգամ հերքում ենք այդ “տաղավարային” խոսակցությունները և հայտնում, որ պարոն Սիմոնյանը ընդհանրապես առնչություն չունի մեր ընկերության հետ, ուստի խնդրում և հորդորում ենք ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և նման անհիմն ապատեղեկատվություն չտարածել։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նշված շենքերը կապ ունեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։