Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին որոշում է ընդունել, որով դադարեցրել է դատավոր Սուրեն Մնոյանի լիազորությունները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա 26 տարի զբաղեցրել է դատավորի պաշտոնը։ 1999 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Խորհուրդն այս որոշումն ընդունել է Մնոյանի պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։
«Հիմք ընդունելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանի 65 տարին 2025 թվականի մայիսի 21-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 21-ից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ: