Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով հստակ սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումն իրականացնող պետական մարմինները։
Ինչպես նաև դատարաննրում ստեղծել ձերբակալված անձանց պահելու վայրեր, որոնցում անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտի կողմից կպահվեն դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձինք, ինչպես նաև դատապարտյալները։
Փոփոխություններ կկատարվեն նաև «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում, մասնավորապես՝ դատական կարգադրիչների ծառայության գործառույթներում կավելացվի դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև քրեական այլ վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալներին պահումը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալվածներին պահելու վայրեր, քրեակատարողական հիմնարկներ, դատարաններ, փորձաքննությունների կենտրոններ, բժշկական հաստատություններ, ձերբակալված կամ կալանավորված անձանց դատավարական գործողությունների կատարման վայրեր ուղեկցման և պահպանման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշմամբ հաստատված՝ ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգով։ Սակայն նշված որոշման ընդունման համար հիմք հանդիսացած լիազորող նորմը և այն սահմանող՝ «Իրավական ակտերի մասին» օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 7-ին։ Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, ուստի նշված որոշմամբ կարգավորվող հարաբերությունները ենթակա են կարգավորման այլ իրավական ակտով։
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը։ Ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելը ներառում է նաև նրանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումը։ Նշված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին: Սակայն հստակ սահմանված չեն այդ գործառույթն իրականացնող պետական մարմինները։
Բացի այդ, օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները։
Ավելին՝ այստեղ։