Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:
Այս մասին հայտնում են դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ք.-ն ավտոմեքենայով Երևան քաղաքում փորձել է առևանգել երկու անչափահասի:
Նույն օրը Ա.Ք.-ն ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին Ա.Ք.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) (երկու դրվագ):
2025 թվականի մայիսի 15-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: