ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Դրանից հետո տրանսպորտային միջոցի ուղևորը ոստիկանության պարեկային ծառայողի գրպանն է դրել 30․000 ՀՀ դրամ, սակայն պաշտոնատար անձին կաշառք տալու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ապրիլի 30-ին Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հանդիպակաց ուղղությամբ երթևեկելու համար կանգնեցրել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող քաղաքացուն, ով սթափության վիճակի զննություն չանցնելու համար պարեկներին կաշառք է առաջարկել, որից հետո հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:
Պարեկներին կաշառք առաջարկելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ կրկին հիշեցնում ենք, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը կամ խոստանալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, հետևապես՝ հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ, իսկ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում՝ զանգահարել Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ՝ 011 900 035 հեռախոսահամարով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: