Վ․Ն․-ն հանդիսանալով Ս․ Ղ․-ի զուգընկերը և վերջինիս հետ ունենալով մտերիմ ու ինտիմ բնույթի փոխհարաբերություններ, 2024 թվականի ապրիլի 25-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում՝ տարբեր օրերի, խանդի պատճառով պարբերաբար հարվածներ է հասցրել Ս․ Ղ․-ին, հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել նրան, գործադրած ֆիզիկական բռնության հետևանքով նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Բացի այդ, Ս․ Ղ․-ին հայհոյել է նաև փողոցում տեսնելիս, հետապնդել վերջինիս։ Ինչպես նաև հաղորդագրություններ ուղարկել տուժողի մերկ լուսանկարներով, ու սպառնացել իր հետ ինտիմ կապը և շփումը խզելու դեպքում դրանք հրապարակել՝ այդպիսի գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Ս․ Ղ․-ին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 12-ին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: