Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեռական կարիքները բավարարելու նպատակով տուժողի կամքին հակառակ՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անձի նկատմամբ։
Բացի այդ, նա սեռական կարիքները բավարարելու նպատակով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած անձի նկատմամբ։
Տղամարդը նաև սեռական կարիքները բավարարելու նպատակով յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։
Ն. Մ.-ն համակարգչային սարքավորումով՝ բջջային հեռախոսով, ստեղծել և դրա վրա պահպանել է մանկական պոռնոգրաֆիա։
Այս մասիին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 2-ին և մակարգրվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դաջունցին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, 2 դրվագ։ 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
198-րդ հոդվածի 4-րդ մաս․ Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։
189-րդ հոդված 3-րդ մաս 2-րդ կետ․ Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը, որը անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնաս կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:
300-րդ հոդվածի 2-րդ մաս․ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, տարածելը, իրացնելը, արտահանելը, ներմուծելը, առաջարկելը, գովազդելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հասանելիություն ձեռք բերելը կամ համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: