Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։
Մասնավորապես՝ արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը և ստացել են բացասական արդյունք։ Գործող կարգավորման համաձայն՝ հաջորդ անգամ ստանդարտ սպասելաժամանակը համապատասխանաբար 7 կամ 30 օր է։
Քննական գործընթացն առաջին անգամ չհաղթահարած անձը, օրենքով սահմանվող վճարի դիմաց, հնարավորություն կունենա հաջորդ իսկ օրը կամ երրորդ օրը արտահերթ մասնակցելու որակավորման քննությանը՝ ստանդարտ 7 օրվա փոխարեն։ Քննական գործընթացը երկրորդ անգամ չհաղթահարած անձը նմանատիպ հնարավորություն կունենա՝ մեկշաբաթյա կամ երկշաբաթյա ժամկետում՝ ստանդարտ 30 օրվա փոխարեն։
Հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը հասանելի կլինեն թվային տարբերակով։ Իրավաչափ կհամարվի ՀՀ տարածքում երթևեկությունը առանց պլաստիկ վարորդական վկայականի (ֆիզիկական առկայության)։
Հնարավորություն կտրվի պետական գրանցման–հաշվառման ամբողջ գործընթացն իրականացնել թվային տարբերակով, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագրերը հնարավոր կլինի առաքել փոստային եղանակով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, արդյոք դիտարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման քննությունը պատվիրակելու հարցը՝ այն համատեքստում, որ հավաստագրված ուսում իրականացնող կառույցի կողմից քննության անցկացումն ավելի արդյունավետ կլինի: Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ տարբերակը դիտարկվում է․ «Այս պահին քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ անպայման լինի կրթական բաղադրիչ և Կառավարությունը, այս դեպքում՝ Ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները, որոնք կարիք կլինի ունենալ կրթական գործընթացում։ Մասնավոր ընկերությունը հնարավորություն կունենա սպասարկել կոնկրետ կրթությունը, և մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական գործընթաց անցած ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալ վարորդական իրավունքի վկայական»,-ասել է Ներքին գործերի նախարարը: