Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):
4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում»,- հաստատեց Կիմա Ավդալյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։