Արթուր Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կարգավիճակ ունեցող Արման Ջ․-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով Արման Ջ․-ի հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածում, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է «օրենքով գող» կարգավիճակ ունեցող Արման Ջ․-ի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունվարի 27-ին և մակագրվել դատավոր Արմեն Շիրոյանին։
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշվում է, որ Արթուր Ա․-ն Արտակ Մ․-ից տեղեկանալով դանակահարության դեպքի մասին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով մեկ այլ անձի խնդրանքով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն նշված մասնավոր հարցի լուծումը:
Նա հեռախոսակապով կապ է հաստատել քրեական աստիճանակարգության բարձրագույն «քրեական հեղինակություն» կարգավիճակ ունեցող Արտաշ Ա․-ի հետ և ներկայացնելով երկու անձանց միջև ծագած մասնավոր վեճը՝ վերջինիս միջոցով Արման Ջ․-ից թույլտվություն է ստացել, որ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն լուծի ծագած վեճը:
Դատական նիստերից մեկում որոշում է կայացվել կալանքը փոխարինել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով և գրավով։
Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Հատուկ վերանայման բողոքը մերժվել է։
Դատական ակտը հրապարակվել է ապրիլի 10-ին։