Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում), որի աղբյուրը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական կայքերն են: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Խորապես ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթը արտատպել է ադրբեջանական կայքերի բարբաջանքները, իսկ մնացած լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, ակտիվորեն տարածել են:
Իհարկե, պարզ է, որ հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք, հարգելիներս:
Բարի աշխատանքային օր բոլորիս»,-նշել է նա:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել է․ «Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել՝ նախ առողջապահության նախարարը, ապա՝ վարչապետի խոսնակը։ Ըստ հայ դեղագործների, սա ֆեյք հրապարակում է, որի «ոտքերն աճում են Հայաստանից»։ Իսկ երեկ ադրբեջանական Vesti.az-ը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը»։