Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 1-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ուշադրության կենտրոնում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նահապետյանն այս մասին վստահեցրեց  ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ գործի բացահայտման հետ կապված հարցին:

«Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,–ասաց Նահապետյանը:

Նա նշեց՝ կարող է երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն որևէ վարույթով խոստում և հավաստիացում չի պատրաստվում տալ ԱԺ ամբիոնից:

Կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ երբ լինեն համապատասխան արդյունքներ, հանրությունը կտեղեկացվի:

Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել