«Հետաքրքիր է՝ ինչ պիտի անեի, էլ ո՞նց պիտի պահեի դատական իշխանությունը»․ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԲԴԽ-ում այսօր՝ մայիսի 13-ին, շարունակվեց վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ փաստաբանի հաղորդման հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը։

Արդարադատության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը ներկայացնելով միջնորդությունը՝ հայտնեց, որ դեռևս Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում Նաիրա Հովսեփյանի կողմից գործերից մեկով վճռի հրապարակման օր է նշանակվել 2023 թ․ մայիսի 31-ը, սակայն դատական իշխանության պաշտոնական էջում վճիռը հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկվել է դեկտեմբերի 15-ին։ Հրապարակման նշանակված օրվանից 1 տարի 6 ամիս անց։

«Նկարագրված գործողություններով դատավորի կողմից սահմանափակվել է դատավարության կողմերի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը, այսինքն՝ համապատասխան միջնորդությունը մուտքագրվելը, պատասխանողի գույքը գտնվել է արգելանքի տակ»,-ասաց նա։

Կողմերի հարցուպատասխանից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ դատավոր Նաիրա Հովսեփյանը։

«Այսօր ինձ համար տխուր օր է, շատ տխուր, նրանով չէ տխուր, որ ես ԲԴԽ-ում եմ, ինձ համար այս դահլիճը շատ լավ դահլիճ է, որովհետև մեր դատական իշխանությունն է խորհրդանշում։ Ցանկացած դատավորի հետ կարող է նման բան կատարվել, բայց տխուր է ինձ համար այնքանով, որ ինձ մեղադրեն, որ ես հեղինակազրկում եմ դատական իշխանությունը ոչ թե նրա համար, որ ես 29,5 տարվա դատավոր եմ, այլ որ ես Գևորգի մայրն եմ, ու Գևորգն այստեղ է, տանջվում է Գևորգս։ Հետաքրքիր է՝ ինչ պիտի անեի, էլ ո՞նց պիտի պահեի դատական իշխանությունը։

․․ԲԴԽ-ն 10 ձայնով որոշում է կայացրել, 2020-2024 թթ․ պատերազմից հետո իմ աշխատանքը կատարվել է թերացումներով, սա հաստատված փաստ է։ ԱԺ ընտրությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով, ԲԴԽ որոշմամբ ընտրվել եմ Վճռաբեկ դատարանի  դատավոր, այսինքն՝ պետությունը գտել է, որ ես արժանի եմ գտտնվելու դատավորի պաշտոնում։ Հերոսի մայր լինելը սովորական ֆիզիկական անձ չէ, դա հավաքական կերպար է»։

Լսելով կողմերի եզրափակիչ ելույթները՝ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հունիսի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել