Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ մայիսի 13-ին, շարունակվեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը։
Այս նիստին ներկա էին ԲԴԽ նորընտիր անդամները՝ Աշոտ Հայրապետյանը, Արմենուհի Հարությունյանը և Անահիտ Աբրահամյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Արմինե Սաֆարյանը խորհրդին ներկայացրեց նախորդ նիստի հետաձգման վերաբերյալ իր դիմումը հիմնավորող փաստաթղթերը։ Նա նաև միջնորդեց ներկայացված միջնորդությունը մերժել, վարույթը կարճել այն հիմքով, որ 2 ամսից ավել է տևել, իսկ օրենսդիրը նախատեսում է, որ կարող է կարճման հիմք առաջանալ։
«Դատավորի նկատմամբ հարուցված վարույթը մինչև ԲԴԽ դիմելը, տևել է 2 ամիս 1 օր, ուստի վարույթ հարուցող մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենսգրքով սահմանված ժամկետը»,-ասաց Արմինե Սաֆարյանը։
Արդարադատության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը պնդեց ներկայացված միջնորդությունը, հղում կատարեց «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքին՝ ընդգծելով, որ երկամսյա տևողությունը պահպանված է։
Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ խորհուրդը որոշեց այն մերժել։ Կողմերը հարցուպատասխանից հետո հանդես եկան եզրափակիչ ելույթներով։
Իր ամփոփիչ խոսքում Արմինե Սաֆարյանը հետևյալին անդրադարձավ․ «Դատարանի կողմից որոշմամբ վերագրվող դատավարական նորմի խախտում՝ որպես կարգապահական խախտում թույլ չի տրվել, առկա են եղել տեխնիկական խնդիրներ՝ պայմանավորված ոչ դատավորի գործունեությամբ, որոնք շտկվել են անձի՝ իր վերաբերյալ որոշման ստացման իրավունքը բազմակողմանի ապահովվել է, որևէ կերպ չի ազդել գործի քննության տևողության վրա, քանի որ գործի նյութերից հետևում է՝ պատասխանողների կողմից որոշումը ստացված է եղել առձեռն եղանակով, իսկ հայցվորի կողմից ստացած չլինելու հանգամանքը որևէ կերպ չէր կարող ազդել գործի տևողության վրա»։
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի հունիսի 2-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։