Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունումը, ըստ նախագիծը մշակող մարմնի, միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը և պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման և բողոքների քննության մեխանիզմները:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկվող փոփոխությունն ուղղված է այդ բացի վերացմանը՝ հնարավորություն տալով դատարանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մերժման որոշում կայացնելիս քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրման հիման վրա որոշել հատուկ ժամկետ՝ երեքից մինչև վեց ամիս, որի ավարտից հետո կրկին կարող է քննարկվել տվյալ հարցը։
«Բացի այդ, անհրաժեշտ է հստակ նախատեսել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մերժման դեպքում դատարանը պարտավոր է իր դատական ակտում հստակ և սպառիչ կերպով արձանագրել այն իրավական և փաստական հիմքերը, որոնք հաշվի առնելով մերժել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, ինչպես նաև մատնանշել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված այն կոնկրետ հանգամանքները, որոնք պետք է գնահատման ենթարկվեն հարցի կրկնակի քննարկման ժամանակ։
Նման կարգավորումը թույլ կտա թե՛ դատապարտյալին, թե՛ պատիժ կատարող իրավասու մարմին՝ պատշաճ կերպով կողմնորոշվել հետագա փուլերում անհրաժեշտ բարելավումների ուղղությամբ։ Բացի այդ, դատարանի կողմից այդ հանգամանքների մատնանշման իմպերատիվ պահանջի ամրագրման պարագայում դատական ակտում չեն նշվի ընդհանուր կամ ձևական պատճառաբանություններ, այլ շեշտը կդրվի տվյալ դատապարտյալի անհատական տվյալների վրա։
Դատարանի կողմից հստակեցված հանգամանքների մատնանշումը թույլ կտա նաև պրոբացիայի և քրեակատարողական ծառայություններին իրենց զեկույցներում ավելի նպատակային անդրադառնալ այն խնդիրներին, որոնք դատարանն է վկայակոչել որպես խոչընդոտ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Այսպիսով, կձևավորվի հետադարձ կապի մեխանիզմ, որը կխթանի վերասոցիալականացման նպատակային և հետևողական աշխատանքին»,-ասված է հիմնավորման մեջ։
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ մայիսի 12-ին։