Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել, նա բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել․ այս մասին Ազգային ժողովում ասաց քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ կա ծեծի դրվագ, Տիգրան Տեր-Մարգարյանն ազատ է ու պաշտոնավարում է:
«Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում:
Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել: 1 գործով, 2 գործով, 3 գործով, երբ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ տեսել են՝ այդ խափանման միջոցն այլևս չի չեզոքացնում անձի՝ ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթն իրականացնող մարմինը կալանքի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- պարզաբանեց ՔԿ նախագահը՝ մանրամասնելով, թե Լիլիթ Աղեկյանը դպրոցի և դատական նիստի բնականոն գործունեությունն է խաթարել, դրա համար ստիպված դիմել են այդ միջոցին:
Ինչ վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, ապա ՔԿ նախագահը նշեց, որ այն արարքը, որը մեղսագրված է թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ: Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ անձի դատավարական պատշաճ վարքագիծն ապահովելու համար բավարար էր պաշտոնյայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելու խափանման միջոցը: