Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման նպատակը Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման շրջանակներում պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած իրավակիրառ պրակտիկայի խնդիրների լուծումն է։
Ըստ նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով։
Մարտական գործողությունների մասնակցի և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի պարգևավճարի իրավունքը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածով։ Ընդ որում, այդ օրենքի համաձայն՝ անձը կարող է ստանալ այդ երկու պարգևավճարները միաժամանակ։ Զիվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողների մասով Որոշումը համապատասխանում է օրենքին, իսկ աշխատանքային կենսաթոշակների, ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցողների մասով չի համապատասխանում։
Մարտական գործողություններին մասնակցի կարգավիճակը սահմանվում է (մասնակցի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը տրվում է) Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Որոշմամբ հստակեցնելու կարիք ունի այդ հիմքով պարգևավճարի իրավունք բերած անձին պարգևավճար նշանակելու ժամկետը։
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշումը ուժը կորցրած է ճանաչվել և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ: Այդ որոշման 2-րդ կետի համաձայն՝ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված մարտական գործողությունների մաuնակցի և (կամ) երկրապահ կամավորականի կարգավիճակները պահպանվում են: Միաժամանակ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովը:
Միջգերատեսչական հանձնաժողովի՝ 08.06.2020 թվականին կայացած նիստի եզրակացությամբ, որոշվել է, որ մինչև ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորումը՝ մարտական գործողությունների կարգավիճակ ստացած անձանց դիմելու դեպքում` հիմք ընդունելով համապատասխան գերատեսչական հանձնաժողովի կողմից նախկինում կայացված որոշումները` նրանց անվամբ տրամադրվի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք, որով նրանք` անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների համար օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից և երաշխիքներից: Տվյալ կատեգորիայի անձանց նոր նմուշի վկայական կարող է տրամադրել այն պարագայում, եթե ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը համապատասխանեն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1664-Ն որոշմամբ սահմանված կարգի պայմաններին և տվյալ անձի վերաբերյալ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվի դրական եզրակացություն:
Փաստաթղթաշրջանառությունը, պահանջվող փաստաթղթերի ցանկը նվազեցնելու համար նպատակահարմար է բացառել այնպիսի փաստաթղթի ներկայցումը, որի հիման վրա արդեն իսկ նշանակվել պարգևավճար, այդ թվում՝ ընտանիքի այլ անդամին։
Միաժամանակ, հաշվի առնելով «Ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի (2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա) դրույթները, ըստ որոնց՝ հաշմանդամության պատճառ կարող են լինել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը (հանվել է խեղումը), ուստի Նախագծով հստակեցվել է վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթները կիրառելի դարձնել նաև խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների համար։
Ներկայացվող Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
ա) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով․
բ) աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կարող են միաժամանակ նշանակվել մարտական գործողությունների մասնակցի համար (5000 դրամ) և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց համար (15000 դրամ) սահմանված պարգևավճարները․
գ) պարգևաավճարը նշանակվում է մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթուղթը ստանալու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում,
դ) պարգևավճար նշանակելու համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշումներով սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը,
ե) պարգևավճարի իրավունք ունեցող, սակայն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցին կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հիմքով պարգևավճար նշանակվում է առանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։
զ) զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակված լինելու մասին (այդ թվում՝ ընտանիքի այլ անդամին)։
Ավելին՝ այստեղ։