Նարինե Ա․-ն 2021 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2023 թվականի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, չպարզված օրերին, երկու երեխաներին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության։ Նա աշխատանքի գնալու պատրվագով երեխաներին օրերով մենակ է թողել՝ իր բացակայության ողջ ընթացքում չապահովելով երեխաների, սնվելու համար անհրաժեշտը պայմաններ՝ չգնելով և չպատրաստելով որևէ կերակուր: Մայրը տևական ժամանակ չի լողացրել նրանց։ Երեխաները բնական կարիքները պարբերաբար հոգացել են տարրաների կամ պոլիէթիլենային տոպրակների մեջ, որոնք մոր բացակայութնան պայմաններում մնացել են հենց այն շինությունում ու սենյակում, որտեղ երեխաները վարել են իրենց կենցաղը։ Որոշ դեպքերում երեխաներն իրենց բնական կարիքները հոգացել են իրենց հագին եղած հագուստների մեջ, որոնք Նարինե Ա․-ի բացակայության պայմաններում, երեխաները շարունակել են կրել։ Մայրը նման հանգամանքներ նկատելու դեպքում, չպարզված օրերին, երեխաներին ենթարկել է ֆիզիկական բռնության՝ ձեռքերով հարվածել նրանց մարմնի տարբեր մասերին, այդ կերպ կրկին անտեսելով երեխաների խիստ կախյալության և սեփական անձի պաշտպանության անկարողությամբ պայմանավորված իրենից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը՝ չի ապահովել նրանց համար անհրաժեշտ հիգիենայի նվազագույն պայմանները, որպիսի գործողություններն ու անգործությունը հանդիսացել են անչափահաս, ինչպես նաև, վերջինիցս կախվածության մեջ գտնվող երեխաների հոգեկան զարգացման և հոգեբանական վիճակի համար հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 5-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանին։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ, 8-րդ կետերի հատկանիշներով։ Այն է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Նարինե Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: