Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրեց համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցեց համաժողովի աշխատանքների մասին։

Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։

Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամեց դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։

Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղհանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել