Սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, մայիսի 9-ը խորհրդանշական օր է մեր պատմության մեջ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը։ Այս մասին նշվում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղերձում։
«Այն հանդիսանում է ազգերի միասնության, արիության և սխրանքի փառաբանման խորհրդանիշ։
Այս օրը մենք խորին հարգանքով հիշում ենք նրանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով նպաստեցին խաղաղության վերականգնմանը և հայրենիքի պաշտպանությանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն իրենց արժանապատիվ ներդրումն են ունեցել այդ հերոսական պայքարում՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում։
1941 թվականին Պոլիտեխնիկում սովորում էր 680 ուսանող, որոնցից 362-ը մեկնել են ռազմաճակատ, ինչպես նաև 50 դասախոս և 41 վարչական աշխատող։ Այս տվյալները վկայում են, որ մեր բուհը ոչ միայն կրթական, այլև հայրենապաշտական կարևոր առաքելություն է կատարել՝ կիսելով հաղթանակի արժեքը։
Պատերազմին մասնակցել են նաև համալսարանի ղեկավար կազմի բազմաթիվ ներկայացուցիչներ` ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ, պրոֆեսորներ և ամբիոնի վարիչներ։
Սա վկայում է մեր համալսարանի խորքային ներգրավվածության մասին Հայրենական մեծ պատերազմում՝ ինչպես մարտական, այնպես էլ գիտակրթական դաշտում։
Անհնար է չհիշատակել Պոլիտեխնիկի ամենափառավոր շրջանավարտներից մեկին՝ ռազմական օդաչու, Խորհրդային Միության հերոս Էմիլ Դիլանյանին։ Նա ծնվել է 1915 թվականին, ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտ 1933 թվականին, իսկ արդեն 1941 թվականից մասնակցել է պատերազմական գործողություններին՝ որպես կործանիչ օդաչու։ Դիլանյանն իրականացրել է տասնյակ հաջող մարտական թռիչքներ՝ դրսևորելով յուրօրինակ խիզախություն և պրոֆեսիոնալիզմ։ Նրա անունը հավերժ գրանցված է մեր ժողովրդի հերոսական տարեգրության մեջ։
2024 թվականի մայիսի 14-ին նրա անունը հավերժացվեց նաև Երևանի փողոցներից մեկի անվանակոչմամբ, ըստ Երևանի ավագանու թիվ 126-Ն որոշման։
Մենք խոնարհվում ենք բոլոր այն պոլիտեխնիկցիների հիշատակի առաջ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններն ու մարդկային նվիրումն ուղղեցին Հայրենիքի պաշտպանությանը։
Նրանց ինժեներական գիտելիքներն ու կազմակերպչական կարողությունները մեծապես նպաստեցին հաղթանակի կերտմանը՝ թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ ռազմատեխնիկական առաջադրանքների լուծման գործում։
Թող Մայիսի 9-ը լինի հավերժ հիշողության, խոր երախտագիտության և խաղաղության խորհրդանիշ բոլորիս համար»,-նշվում է ուղերձում։