Հայաստանի կառավարությունը և Ազգային ժողովը սկսում են նոր համատեղ նախաձեռնություն, ըստ որի՝ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, ավելի կոնկրետ՝ առանձին ոլորտների պատասխանատուները հանդես են գալու մեկ հաղորդաշարի շրջանակում՝ պատասխանելով հանրությանը հուզող հարցերին տեսահարցերի ձևաչափով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական Վահե Պողոսյանը։
Նա հավելեց, որ քաղաքացիներն ունեն առանձին ոլորտների վերաբերյալ կոնկրետ հարցեր ու առաջարկներ, նրանք բարձրաձայնում են տարաբնույթ խնդիրներ, անում դիտողություններ, որոնք կարող են տեսաձայնագրել և փոխանցել բացառապես +374 44 900-800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածին՝ հետագայում հաղորդաշարում ներառելու համար։
«Հաղորդաշարի հիմնական նպատակը քաղաքացիների ու պետական կառույցների միջև բաց ու թափանցիկ երկխոսության խթանումն է, քանզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա ստանալ պատասխան իրեն հուզող հարցերի վերաբերյալ, տվյալ դեպքում ուղիղ այն պետական մարմնից կամ պաշտոնյաներից, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար»,- ասաց Պողոսյանը։
Նախատեսվում է, որ տեսահարցերին պատասխանելու են կառավարության անդամները և ենթակա մարմինների ու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱԺ պատգամավորները՝ կախված իրենց գործունեության ոլորտից։
Պողոսյանը նշեց, որ կառավարական մարմինների յուրաքանչյուր տեղեկատվական խողովակ, անշուշտ, գործում է իր հերթին, բայց հիմնական խնդիրը նախևառաջ քաղաքացիների և կոնկրետ պատկան մարմինների միջև ավելի անմիջական կապ հաստատելն է և նրանց հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռելը։
«Քաղաքացին հստակ տեսնելու է, որ իր տեսահարցն այդ պահին հնչում է եթերում և կոնկրետ ոլորտի պատասխանատուն այդ հարցի վերաբերյալ հնչեցում է պատասխան։ Այս խողովակն ավելի արդյունավետ է։ Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ այս նախաձեռնությունը տալու է հնարավորություն ավելի լավ հասկանալու հատկապես քաղաքացիների համար վարվող պետական քաղաքականությունը տարբեր բնագավառներում։ Միևնույն ժամանակ, պարզ կդառնան հասարակության մտահոգություններն ու առաջարկները ոլորտային պատասխանատուներին»,- ասաց Պողոսյանը։
Մայիսի 26-ին ժամը 18։00-ից լինելու է առաջին հաղորդումը կրթական թեմատիկայով, որին մասնակցելու են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ ԱԺ-ից Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը։
«Հարցերը պետք է լինեն կոռեկտ, լակոնիկ և պարունակեն հստակ բովանդակություն։ Միանման հարցերը զտվելու են, ընտրվելու է մեկը՝ կրկնությունից խուսափելու համար։ Հաղորդումը եթեր է հեռարձակվելու Առաջինի լրատվական ալիքով, ինչպես նաև ՀՀ կառավարության և ԱԺ-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով»,- ասաց Պողոսյանը։