Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանն ու Անահիտ Աբրահամյանն ընտրվել են ԲԴԽ անդամներ։
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ Հարությունյանին կողմ է քվեարկել 68, դեմ՝ 0 պատգամավոր։ Նույնքան ձայն ստացել է նաև Աշոտ Հայրապետյանը։ Անահիտ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է եղել 67, դեմ՝ 1 պատգամավոր։
Թեկնածուներն ԱԺ ամբիոնից երդումով ստանձնեցին ԲԴԽ անդամի լիազորությունները։
Հիշեցնենք, որ նրանց առաջադրել էր ԱԺ ՔՊ խմբակցությունը։
Աշոտ Հայրապետյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Այնուհետև ԵՊՀ-ում մագիստրոսի աստիճան և միջազգայնագետի որակավորում է ստացել։
2004 թ.-ի հոկտեմբերից մինչ 2021 թվականը աշխատել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն: Իրավաբանական գիտությունների դոկտոր է, Եվրոպայի խորհրդի փորձագետ։
Ընտրվածներից մեկը Արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանն է։ 2016թ. հուլիսից մինչև փոխնախարար նշանակվելը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության Իրավական փոխօգնության վարչության պետի պաշտոնը։
Հարությունյանը 2019-2022 թթ. Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբեռհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ է: 2016 թ. ցայսօր դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ «Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները» առարկան:
Հաջորդն Անահիտ Աբրահամյանն է, ով 2024-ից մինչև այսօր զբաղեցնում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը։ 2019 թվականի հունիսի 4-ից մինչև 2021 թվականի հունիսի 14-ը հավատարմագրվել է Հարվարդի Քեննեդիի կառավարման դպրոցի կողմից՝ որպես հանրային քաղաքականության և առաջնորդության մասնագետ:
2022-2023թթ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը՝ մարդու իրավունքների և սոցիալական արդարության արվեստների մագիստրոսի որակավորմամբ։ 2022 – 2024 թթ. հանդիսացել է ՀՀ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետը։