Սահմանադրական դատարանը քննության է ընդունել 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ սահմանադրականության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ մեր դիմումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։
«30.12.2024թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել հետախուզման մեջ գտնվող մեր վստահորդին հետախուզող երկրին արտահանձնելու մասին միջնորդությունը մասնակի` մեղադրանքի ծավալն ընդգրկող արարքների մի մասով բավարարելու վերաբերյալ:
Իրավահարաբերությունը կարգավորող` 1998թ. ընունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որի որոշմամբ բողոքը մերժվել է:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:
Թե՛ վերաքննիչ, և թե՛ վճռաբեկ բողոքներում բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման` ՀՀ Սահմանադրության ակնհայտ անհամապատասխանության հարցը` խնդրելով այն հասցեագրել ՀՀ Սահմանադրական դատարանին, սակայն Վերաքննիչ ու Վճռաբեկ ատյանները բացարձակ ուշադրություն չեն դարձրել այդ հարցին:
Նկատի ունենալով, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը չունի ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը վերանայելու սահմանադրական լիազորություն, 10.04.2025թ. մեր կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով քննարկել 1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 63-րդ, 163-րդ և 172-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 29.04.2025թ. ՍԴԱՈ-67 որոշմամբ դիմումն ընդունվել է քննության»,-նշված է հաղորդագրության մեջ: