Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:
Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում:
Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։
Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։
Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։
Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։
Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման»: