ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հայցադիմումը դատավորին է հանձնվել ապրիլի 10-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։
Դատարանը սակայն, որոշել է այն վերադարձնել, քանի որ հայցադիմումում նշված չէ պատասխանողի հայրանունը, ինչպես նաև հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն:
«․․․Տվյալ դեպքում, որպես պատասխանող Աննա Վարդապետյանի հասցե նշվել է «ՀՀ գլխավոր դատախազ, գործունեության հասցե՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 5 շենք», մինչդեռ պետք է նշվեր պատասխանողի հաշվառման վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում բնակության վերջին հայտնի վայրի հասցեն»,-նշվում է դատարանի որոշման մեջ:
Բացի այդ, հայցվորը հայցադիմումին կից չի ներկայացրել հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցներ: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված` այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Ավելի վաղ Աղազարյանն էլ հայտնել էր՝ իրեն վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե «սուտ եք ասում»։