Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով։
Նշենք, որ այն դեռրս օրակարգում ընդգրկված չէ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ:
Այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը եւ շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում:
ԱԺ համապատասխան հայտարարության հիմքում թեմայի կարեւորությունն է, ինչպես նաեւ՝ հայ ժողովրդի դերն ու մասնակցությունը նացիզմի ու ֆաշիզմի դեմ հաղթանակում ընդգծելը:
Ներկայացնում ենք հայտարարության նախագիծը․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով եւ մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների նկատմամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաեւ իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության:
Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:
Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում:
Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր: Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաեւ արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսեւորվեց, այլ նաեւ հաղթանակին նպաստող այլ բնագավառներում:
Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Սփյուռքի դերակատարումը:
Հայությունն իր կարեւոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաեւ հայ ժողովրդի որդիների արյամբ եւ տառապանքի գնով:
Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ:
80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաեւ ակտիվորեն կիրառվում եւ պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում:
2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման:
Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսեւորում: Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին:
Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի եւ նացիզմի ցանկացած դրսեւորմանը»: