Հայկական ֆուտբոլում առկա խնդիրների վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Գերասիմ Բարսեղյանի հետ։
-Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Ձեր կարծիքով ո՞ր խնդիրներն են հատկապես ծայրաստիճան սրված և առհասարակ, ինչո՞ւ է ձևավորվել իրերի նման կարգը։
Իրականում հայկական ֆուտբոլում գոյություն ունեցող խնդիրները իրենց բնույթով նոր չեն։ Դրանք չեն առաջացել մեկ ամիս կամ մեկ տարի առաջ։ Երբ ֆեդերացիայի նոր կազմը ձևավորվեց, հայ ֆուտբոլասեր հանրության շրջանում այն կարծիքն էր գերակշռում, որ մեր ֆուտբոլայ՝ին կառավարիչները գերազանց պատկերացնում են խնդիրները և մեծ ցանկությամբ ու պատրաստակամությամբ կլծվեն դրանց լուծման գործին։ Հանուն արդարության պետք է նշել, որ սկիզբն այս առումով խոստումնալից էր, բայց հետագայում հետզհետե սկիզբ դրվեց մի արատավոր գործընթացի, որը ճգմաժամային կառավարման տեսության մեջ առավել հայտնի է որպես խնդիրների հետաձգում։ Ինչ-որ փուլից սկսած ֆեդերացիան ընտրեց ամեն կերպ արդարանալու, օբյեկտիվ խոչընդոտներին և ֆորս-մաժորային իրավիճակներին հղում անելու գործելակերպը։ Դրան հաջորդեց փակվելը, այսպես ասած, «իզգոյանալը»։ Թերևս, սրա բացատրությունն էլ շատ պարզ էր՝ գոյություն ունեցող հարցադրումներին չկային արժանահավատ, սպառիչ պատասխաններ։ Արդյունքում օր-օրի ֆուտբոլային հանրության և ֆեդերացիայի միջև խորացող անդունդ, որը վերջին 6-7 ամիսներին երկրպագուների կողմից դրսևորվեց անհամաձայնության պերմանենտ ակցիաներով՝ ընդհուպ մինչև խաղադաշտ ներխուժելով, առաջնության խաղերը խափանելով։ Բանը նույնիսկ հասավ երկրպագուներին ձերբակալելու ծայրահեղ գործողությամբ, որը ֆուտբոլային հանրության շրջանում մեծ դժգոհության ալիք բարձրացրեց։
-Իսկ եթե այս ընդհանրական պատկերից դուրս, փորձենք հասկանալ, այդուհանդերձ, որո՞նք են կոնկրետ խնդիրները։
Առանց վերոնշյալ նկարագրության կոնկրետ խնդիրների մատնանշումը, մի տեսակ, համատեքստից կտրված կլիներ։ Բնականաբար, այս ֆորմատը թույլ չի տալիս շատ հանգամանորեն անդրադառնալ դրանց։ Բայց փորձեմ տալ առավել առարկայական խորապատկեր։ Նախ՝ հարկ է նշել, որ բոլոր խնդիրներն էլ, ըստ էության, գալիս են ոչ արդյունավետ կառավարումից։ ՀՖՖ գործունեության, գրեթե, բոլոր ուղղություններում՝ մանկապատանեկան ֆուտբոլ, տարբեր տարիքային հավաքականներ, ակումբային ֆուտբոլ, երիտասարդական ու ազգային հավաքականներ, ֆուտբոլային ենթակառուցվածքներ, ֆուտբոլային կրթություն և այլն, արձանագրվել է էական հետընթաց։ Եվ, ցավոք, չկան նշմարելի նախադրյալներ իրավիճակը քիչ թե շատ բարելավելու առումով։ Փորձեմ հիմնավորել։ Արդեն տևական ժամանակ է չի ձևավորվում պրոֆեսիանալ լիգան։ Աշխարհում գուցե մեկ-երկու երկիր գտնվի, որտեղ այս լիգան չի գործում։ Բազմիցս նշել եմ, որ չի կարող մի կառույցի մեջ համատեղվել քաղաքականություն մշակողի, կանոնակարգեր ստեղծողի, այլ կերպ ասած օրենսդիրի և կատարողի, այսինքն, գործադիրի ֆունկցիաները։ Չեն կարող կատարողն ու վերահսկողը մի մարմնում լինեն։ Բոլոր առումներով սա նոնսենս է։ Բայց ֆեդերացիան համառորեն չի գնում մեր ֆուտբոլի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկի լուծման ճանապարհով։ Ամեն անգամ երբ հարցը բարձրացվում է, հղում են անում ակումբներին՝ պնդելով, որ նրանք են սառեցնում գործընթացը։ Այո, ոչ մի երկրում լիգայի ստեղծումը հարթ չի անցել։ Զորօրինակ, ՌԴ-ում մի քանի տարի հեղինակավոր ակումբների միջև չէին դադարում տարաբնույթ կոնֆլիկտային միջադեպերը։ Բայց վերջիվերջո ողջախոհությունը հաղթեց։ Վստահաբար, կառավարման տեսանկյունից ֆեդերացիան էական խնդիրների մի հսկայական ծավալ ստանում է հենց այստեղից։ Եթե այսօր լիգան գործեր, հնարավոր է ֆեդերացիան իր ռեսուրսներն առավել նպատակային բաշխեր և, գուցե, ներկա խնդիրների մի ստվար մասը նման սրությամբ չարտահատվեր։
Շատ անմխիթար վիճակում է մանկապատանեկան ֆուտբոլը և որպես հետևանք մեր պատանեկան հավաքականների ձախողված մրցաելույթները միջազգային խոշոր ստուգատեսներում։ Այս հարցում էլ ֆեդերացիան մեղադրում է ակումբներին, քանի որ նրանք բավականաչափ արդյունավետ չեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հարցում։ Բայց արդյոք, ֆեդերացիայի օժանդակությունն ակումբներին եղել է նպատակային և առարկայական։ Կառավարիչները, գուցե, ասեն հեղինակավոր մասնագետներ ենք հրավիրել, զորօրինակ Մենենդեզին ու նրա թիմին անվանանշելով։ Բայց նրանց գործունեության ժամանակահատվածում մեր թիմերի արձանագրած արդյունքները զրոյից շատ քիչ տարբերվող նոմինալներ էին։ Խնդրահարույց է ֆուտբոլային ենթակառուցվածքների վիճակը։ Այն ինչ ունենք, մեղմ ասած, ոչնչով չի նպաստում մեր ֆուտբոլի զարգացմանը։
Իսկ հավաքականը դա մի առանձին ծանր քննարկման թեմա
-Վրաստանի ազգային հավաքականի դեմ երկու խաղերը ցույց տվեցին մեր ընտրանու անօգնական վիճակը։ Ինչո՞վ են պայմանավորված հավաքականի թույլ մրցաելույթները։ Ինչո՞ւ, հանկարծ կանգնեցինք «կոտրած տաշտակի» առջև։
Բնականաբար, բոլորս հայկական ֆուտբոլի վիճակի վերաբերյալ մեր առաջնային դատողությունները նախևառաջ կատարում ենք ազգային հավաքականի ցուցադրած խաղով։ Բայց եթե նույնիսկ Վրաստանի ազգային ընտրանուն մերոնք նման ոչ ֆուտբոլային հաշվով չպարտվեին, կամ երջանիկ պատահականությամբ մեկ ոչ-ոքի կորզեին, միևնույն է հավաքականի խնդիրները դրանից չէին պակասելու։ Ամենակարևոր հարցը նորից գալիս հանգում է հետևյալին՝ ի՞նչ սկզբունքով է համալրվում մեր ընտրանին։ Երբ նայում ենք տեղացի կադրերից քանիսն են հրավիրվում, նրանց ո՞ր մասն է հայտնվում մեկնարկային կազմում կամ առհասարակ հայտացուցակում, պատկերն ինքնին պարզ է դառնում։ Այստեղից-այնտեղից հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստներ հրավիրելով կամ առաջնությունում խաղացող այլազգիներին քաղաքացիություն տալով, պարզապես չես կարող լուրջ կամ հեռուն գնացող խնդիրներ լուծել։ Կարճաժամկետ արդյունք, գուցե, հնարավոր է ապահովել, բայց մեծ հեռանկարում ամեն ինչ բերելու և կանգնեցնելու է Ձեր նշած «կոտրած տաշտակի» առջև։ Հաշվի առնելով մեր երիտասարդական հավաքականի, մեղմ ասած, թույլ մրցաելույթները, դժվար է ակնկալել, որ մոտ ապագայում տեղացի կադրերով հնարավոր կլինի հավաքականում սերնդափոխության հարցը լուծել։
Նույն սկզբունքով, ցավոք, նշանակվել են նաև մեր ընտրանու մարզիչները։ Հատկանշական է, որ ամեն հաջորդն ավելի վատ արդյունքներ և խաղային որակներ է ապահովել, քան նախորդը։ Կարծում եմ Ջոն վան տ Սխիպը Պետրակովից ոչնչով առավել լավը չի լինելու։ Արդեն իսկ պարզ է, որ լավագույն քոուչը չի եկել Հայաստան։ Եվ հարցը միայն Ռանոսի հետ կապված միջադեպը չէ․․ Առհասարակ, իմ խորին համոզման, նա այն մարզիչը չէ, որը կարող է մրցունակ թիմ կառուցել (շատ ուրախ կլինեմ, հատկապես այս հարցում սխալվել)։
Ցավոք, մեր հավաքականը ներկայում կազմի խորություն չունի, մրցակցություն, բացի մի քանի դիրքերից, գրեթե չկա։ Այս պայմաններում Նաիր Տիկնիզյանը որքան ուժ ունենա վատ խաղա, միևնույն է մյուս հանդիպմանը նորից մեկնարկային կազմում լինելու է։
-Ստեղծված իրավիճակում օդում կախված մի հարցադրում կա՝ ի՞նչ անել։ Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ գոնե, սեպտեմբերին Մունդիալ-2026 որակավորման փուլից առաջ քիչ թե շատ մրցունակ թիմ ունենանք։
Իրականում չափազանց բարդ խնդրի առջև է կանգնած մեր հավաքականը։ Ժանամակը շատ քիչ է՝ բոլոր առումներով։ Միակ նշմարվող քայլը, որը կարող են անել հավաքականի մարզիչները՝ խաղային բոլոր օղակներում մրցակցություն ապահովելն է։ Թիմում ոչ ոք չպետք է երաշխավորված տեղ ունենա։ Լավագույն մարզավիճակը, գերմոտիվացվածությունը պետք է դառնան հավաքականի մեկնարկային կազմում տեղ ունենալու հիմնական ցուցիչները։ Բնականաբար, կազմի խորության ապահովման առումով միանշանակ առաջնային պետք է դիտարկել տեղի կադրերին։ Այս տեսակետից կարևոր է տեղացի ֆուտբոլիստների՝ իրենց ակումբների մեկնարկային կազմերում ընդգրկվելու քվոտայի մեծացումը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չորս ֆուտբոլիստի նվազագույն շեմը, միանգամայն ընդունելի նորմ կլիներ։ Ի դեպ, տեղացի ֆուտբոլիստների քվոտայի մեծացման հաշվին էական առաջընթաց ապրեց Ղազախստանի ազգային հավաքականը։
-Այն որ շրջադարձային փոփոխություններ պետք է արվեն մեր ֆուտբոլում, կասկածից վեր է։ Բայց ո՞վ կամ ովքե՞ր պետք իրակացնեն դրանք։ Հարց այն է, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը, կարծես, սպառել է վստահության պաշարը։ Այսօր ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը չեն պահանջում, երևի միայն ֆուտբոլով չհետաքրքրվողները կամ խնդիրների խորությունը չպատկերացնողները։ Այս պայմաններում որքանո՞վ եք իրատեսական համարում նշված ուղություններում էական բեկում արձանագրելը։
Ինչ խոսք, ձախողումների ծավալր շատ մեծ է։ Նման պայմաններում, սովորաբար պատասխանատուները հեռանում են։ Եվ սա միանգամայն արդար որոշում կլիներ։ Բայց հաշվի առնելով աշխարհի 2029թ․ երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի՝ Վրաստանի հետ համատեղ հայտի փաստը և դրանով պայմանավորված որոշ կարևոր առանձնահատկություններ, գուցե, հենց այսօր ֆեդերացիայի ղեկավարության հեռանալը, այնքան էլ նպատակահարմար չէ։ Ի վերջո, երկու իրողություններն էլ ծառայելու են հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Ստեղծված իրավիճակում, կոմպրոմիսային լուծումը կարող էր լինել անցումային շրջանի սահմանումը։ Մեկ տարին հենց այն ժամանակահատվածն է, որը հնարավորություն կտա որոշակիորեն բարելավել վիճակը ֆուտբոլային տնտեսության մեջ, չխոչընդոտել վերոնշյալ ծրագրին և գնալ արտահերթ ընտրությունների։ Իսկ մինչ այդ՝ անհրաժեշտ է մշակել հակաճգնաժամային համապարփակ ծրագիր, որն արդեն մայիսին ներկայացնել ֆուտբոլային հանրությանը։ Ավելորդ եմ համարում խոսել այն մասին, որ ֆեդերացիան այս շրջանում և առհասարակ պետք է մաքսիմալ ներառական աշխատի։ Իսկ ծրագիրը պետք է հիմնված լինի բացառապես առկա խնդիրների վրա՝ նախանշված լուծումներով, գործողությունների պլանով, հստակ ցուցիչներով, թվերով և կոնկրետ պատասխանատուներով։
Հայկական ֆուտբոլն այս փուլում պետք է ապավինի ավելի շատ ոչ ստանդարտ, ինչ-որ առումով նաև կտրուկ և համարձակ որոշումներին և գործողություններին։ Այլ տարբերակ չկա՝ շատ ենք հետ մնացել, փոսը շատ խորն է․․․