«Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք այսքան խառնվել իրար, ի՞նչ մի արտառոց բան է տեղի ունեցել». Բաբկեն Թունյան

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք այսքան խառնվել իրար, ի՞նչ մի արտառոց բան է տեղի ունեցել կամ տեղի ունենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Հասկացանք, Քաղաքացիական պայմանագիրը ամենաշատ ձայներն է հավաքել Գյումրիում, բայց 50%-ից ավելի չի հավաքել, և ընդդիմությունը շանս ունի միավորվել ու քաղաքապետ ընտրել: Ինչպես կվարվեն, իրենք կորոշեն՝ կտեսնենք:
Հասկացանք, Փարաքարում ընդդիմությունը հաղթել է, և քաղաքապետը իրենց թեկնածուն կլինի:
Ե՞վ:

Իհարկե, բոլորն էլ մասնակցում են հաղթելու համար: Բայց ո՞վ ասաց, որ բոլոր տեղերում միշտ պետք է իշխանական կուսակցությունը հաղթանակ տանի: Անհանգստանալու բան կլիներ, եթե այդպես լիներ:
Թե՛ Գյումրիում, թե՛ Փարաքարում, թե՛ ցանկացած այլ համայնքում տեղական իշխանություն ձևավորում են այն ուժերը և անձինք, որոնց ընտրում են այդ համայնքի բնակիչները: Ընտրության արդյունքները պետք է ընդունել ի գիտություն ու շարժվել ըստ այդմ՝ անկախ նրանից՝ ով է գոհ, ով դժգոհ, ով ում ինչպես է վերաբերվում և ինչ ակնկալիքներ ունի:

Իհարկե, սրանք համայնքային ընտրություններ են: Ու չնայած, օրինակ, Գյումրու ընտրությունների մասնակից ուժերից շատերը որպես գլխավոր նպատակ հայտարարել ու հայտարարում են ոչ թե ավելի լավ Գյումրի ունենալը, այլ պարզապես ՔՊ-ին հաղթելը, բայց դա էլ է նորմալ, իրենց իրավունքն է:

Քաղաքական ուժերն ու թեկնածուներն իրենք են որոշում՝ ում հետ միանալ, ինչ խոսել, ինչ խոստանալ, ընտրողներն էլ իրենք են որոշում ում ընտրել՝ անկախ տարիքից, սեռից, աշխարհայացքից, խոսելու ձևից, աչքերի գույնից կամ հայտարարվող նպատակներից: Նորմալ, քաղաքական պրոցես է՝ ընտրություններ, որոնց միջոցով ժողովրդավարական երկրներում պետք է իշխանություններ ձևավորվեն:
Ի դեպ, եթե անձանցից կտրվենք ու կենտրոնանանք բուն քաղաքական ասպեկտի վրա, ապա, ըստ ընտրությունների արդյունքների, ստացվում է՝ Գյումրիում թիվ մեկ ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է, ինչն ինքնին բավականին ուշագրավ իրողություն է:

Եվ ամեն դեպքում, նոր ընտրված համայնքային իշխանությունների գործը համայնքի խնդիրները լուծելը և այն զարգացնելն է: Կոնկրետ Գյումրու դեպքում, ով էլ կստանձնի Գյումրու կառավարման պատասխանատվությունը, անկեղծ հաջողություն եմ մաղթում այդ գործում:
Գյումրու նոր իշխանությունները կլծվեն այդ գործին՝ շատ լավ, կառավարությունն էլ իր կողմից ամեն ինչ կանի, կօգնի քաղաքը դարձնել ավելի բարեկեցիկ, հարուստ ու հարմարավետ: Որովհետև Գյումրին ոչ ՔՊ-ինն է, ոչ ՀԿԿ-ինը, ոչ մեկ այլ քաղաքական ուժինը կամ անձինը: Գյումրին գյումրեցիներինն է և Հայաստանի բոլոր քաղաքացիներինը:
Նույնը՝ Փարաքարի և մյուս համայնքների համար:

Ի վերջո, այսօր էլ ունենք ոչ իշխանական քաղաքապետեր, որոնք բավականին լավ աշխատում են և քաղաքային ծրագրերի գծով արդյունավետ համագործակցում կառավարության հետ:

Ինչպես կաշխատեն, ինչ կանեն, որքանով կարդարացնեն իրենց ընտրած մարդկանց վստահությունը, դա էլ ժամանակը ցույց կտա և կարտացոլվի հաջորդ ընտրությունների արդյունքներով:

Ավագանու ՔՊ-ական անդամներն էլ կհետևեն, որ համայնքի ավագանին նորմալ աշխատի՝ ի շահ այդ համայնքի. ի վերջո, քաղաքապետ չդառնալը չի փոշացնում այն վստահության քվեն, որը տրվել է մեզ:
Այնպես որ, ամեն ինչ նորմալ է:

Շնորհակալություն ընտրությանը մասնակցած մեր բոլոր հայրենակիցներին, հանգստություն և իմաստնություն՝ բոլորիս»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել