Մարդիկ ընտրում են իրենց նմաններին․ Լևոն Բարսեղյան

Հարգելի հայրենակիցներ՝ Գյումրիում եւ մոլորակի վրա, որ մազ էիք որոնում մեր ծրագրերում ու թեկնածուների թերություններն էիք քրքրում, դաշինքի ապագա վարքն էիք կասկածի տակ առնում, լավ էիք անում անշուշտ: Գրառումը կատարել է «Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը։

«Հիմա հուսամ ընտրվել են ձեզ թանկ ու հարազատ քաղաքական գործիչներ իրենց ծրագրերով, մանրամասները չպատմեմ, բերանացի գիտեք, թե ով ինչ է խոստացել անելու քաղաքում: Արդեն կարող եք Եվրադաշինքի ծրագրերն ու թեկնածուներին մոռանալ, եւ հսկեք, օգնեք, քաջալերեք այն մարդկանց, ում ընտրել է քաղաքը: Մենք էլ ուշադիր կլինենք ե՛ւ ընտրյալներին, ե՛ւ ընտրողներին, որպեսզի արժանավորության դոկտրինը չխախտվի: Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին:

Էն խոսքն արժե կրկնել այստեղ. մարդիկ ընտրում են իրենց նմաններին (գաղափարներով, արժեհամակարգերով, խոսքով, գործով, տո բոյով ու հագի կոստով, նույնիսկ), կատարյալ նմանություն գտնելը զոռ է իհարկե, բայց դե ընդհանուր առմամբ չի կարող մի արժեքային համակարգի կրողն ընտրել տրամագծորեն հակառակ արժեքային համակարգը կրողներին:

Ես գիտեմ, որ գաղափարները, որ դրված էին մեր ծրագրում, մոտեցումներն ու լուծումները շատերի մոտ տպավորություն թողեցին, թե մենք այլմոլորակայիններ ենք, ու անհասկանալի է, թե ինչու ենք հայտնվել այստեղ: Մտածել էինք առաջ տանել քաղաքը, որ մարդկանց կյանքն ավելի լավը դառնար, կարճ ասած: Այդպես եմ վարվել 2012-ին, 2016-ին եւ 2021-ին: ՈՒ այս պատմությունը ինձ չի խոցում, նորից մտածել է տալիս: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է հնար ունենալ լավ ապրելու եւ ընտրել վատ ապրելու ճանապարհը: Կարող է՞ ինչ-որ նզովք կա քաղաքի վրա: Եթե ես ճիշտ եմ, ուրեմն ուզում եմ, որ քաղաքն արժանի լինի իր ընտրությանը: Նորից թող արժանի լինի:

Եվրադաշինքի պարտության եւ կրեմլապատակների ու երկիրը հարստահարածների հաղթանակը դեռ երկար է քննարկվելու ու վերլուծվելու, բայց արդեն կարող եմ ասել, որ մեղավորը այն իշխանությունն է, որ թույլ տվեց սեւ կապիտալի եւ իր լրատվամիջոցների հաղթարշավը, արդարություն չսահմանեց երկրում, քաղաքական գնահատական չտվեց երկիրը թալանածներին ու ապօրինի գույք կուտակածներին, լյուստրացիա չիրականացրեց, չմաքրեց անցյալից մնացած կառավարման արատները, հանցագործ պաշտոնյաներին իրավապահ եւ այլ համակարգերից:

Հավանաբար մտածել էր, թե հերթական անգամ կկարողանա «ներկա-նախկին» թակարդով քվեներ ստանալ, ապտակ ստացավ, ու հիմա տառապում է, թե ինչու այդպես եղավ: Ուզում եմ խնդրել՝ չտառապել, կցավա կանցնի, իսկ հետո կարող է կռահեն, թե ինչ շանս ունեին երկիրը կարգի բերելու եւ ինչպես չարեցին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել