Մամուլում տարածված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանձնարարականով և ՀԿԽԸ Արհմիության որոշմամբ ստեղծվել է ներքին հանձնախումբ, որը կուսումնասիրի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանի՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցության, անկողմնակալության և չեզոքության հարցը։
Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվության և լուսաբանման բաժնից՝ նշելով, որ Գինուշ Զատիկյանն այս պահին գտնվում է արձակուրդում, սակայն սա խոչընդոտող հանգամանք չէ իրադարձությանն ընթացք տալու և մանրմասները հասկանալու համար։
«Պահպանելով անմեղության կանխավարկածը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, եթե շրջանառվող տեղեկատվությունը հաստատվի՝ իրավախախտում կատարած անձը կամ անձինքն պատասխանատվություն կկրեն ինչպես օրենքի առջև, այնպես էլ կդադարեն հանդիսանալ Հայկական Կարմիր խաչի ընեկերության աշխատակից (ներ), քանի որ ընկերության համար խիստ դատապարտելի է, որևէ քաղաքական գործընացում, որևէ աշխատակցի ներգրավածությունը։
Նման դեպքը հանդիսանում է կազմակերպության կանոնադրության ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքների ոտնահարում։ Լրատվականներն անդրադարձել էին նաև այն հանգամանքին, որ շահառուներին տեղափոխում են ազգային ընկերության ավտոմեքենաներով․ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և այդ մեքենաները նախատեսված են առհասարկ շահառուների տեղաշարժը, ինչպես նաև շուրջօրյա խնամքի կենտորնի աշխատանքները կազմակերպելու համար»,- ասվում է ԿԽ ընկերության հաղորդագրության մեջ:
«Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները ուղղորդվել են և տեղափոխվել ընտրական տեղամասեր: Մեր թղթակցի հետ զրույցում շահառուներից մեկը հաստատել էր փաստը, որ իրենց ասվել է՝ ընտրել Մարտուն Գրիգորյանին:
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն Գինուշ Զատիկյանը մեզ հետ զրույցում թեպետ հերքել էր շահառուներին ուղղորդելու մասին տեղեկությունները, բայց հաստատել էր այն, որ ինքը «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ազգականն է և ունի քաղաքական կողմնորոշում: