Էլիզա Գրիգորյանը ծնվել է օկուպացված Արցախի Մեծ Թաղեր գյուղում։ Ամուսնացել և տեղափոխվել է Սումգայիթ, ապա մազապուրծ փախել Սումգայիթի ջարդերից։
«Եկել ենք Ստեփանակերտ։ Մեծ երեխաս 2 տարեկան էր, աղջիկս՝ 3 ամսական։ Զոռով ենք փախել ոսոխների ճիրանից։ Մի քանի տարի ապրել ենք հանրակացարանում։ Հետո տուն կառուցեցինք։ Ամուսինս վիրավորվել է Արցախյան առաջին պատերազմում։ Իրար հետ երկար տարիներ աշխատել ենք Ֆիզմաթ դպրոցում։ 2020 թվականին պատերազմի հետևանքով տեղափոխվեցինք Երևան, մի քանի օրով։ Պատերազմից հետո նորից գնացինք մեր տները։ Մեզ հույս տվեցին, լծվեցինք մեր խաղաղ աշխատանքին։ Կիսակառույց տուն ունեինք, սկսեցինք կառուցել։ Այգի հիմնեցինք ու այդպես ապրում էինք։ Հույս էինք պահում, որ խաղաղապահները մեզ աջակցելու են»,-նշեց մեր զրուցակիցը։
Նա ասաց, որ շրջափակման պայմաններում երկու թոռ է ունեցել, դժվարությամբ կարողացել են սնունդ հայթհայթել։ Նշում է, որ անմարդկային պայմաններ են եղել, բայց իրենք հույս են ունեցել, որ մնալու են Արցախում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նա դպրոցում է եղել, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ։
«Երանի ենք տալիս, որ շրջափակում լիներ, սով լիներ, բայց մենք լինեինք մեր տներում։ Սեպտեմբերի 19-ին ես դասարանում էի, դասավանդում էի 12-րդ դասարանում։ Տղաներից մեկն ասաց, որ սոված է։ Ես գիշերը հերթ էի կանգնել, երկու հաց էի վերցրել։ Բերեցի այդ հացը, կիսեցի, որ տամ աշակերտներիս։ Հենց այդ պահին սկսեցին ռմբակոծել։ Երեխաներին մի կերպ տարհանեցինք։ Ժամը 1։20-ի սահմաններում սկսվեց ռմբակոծումը, իրարանցում, լացուկոծ։ Մինչև ուշ երեկոյան հազիվ կարողացանք աշակերտներին իրենց ծնողներին հանձնել։ Անտերություն էր, ոչ ոք ոչինչ չէր ասում։ Մեկն ասում էր՝ ճանապարհները բացելու են, լավ է լինելու, մյուսն ասում էր՝ ճանապարհները բացելու են, բոլորը դուրս են գալու։ Անհավատալի բան էր, ո՞նց կարող էինք մեր դարավոր երկիրը թողնել ու դուրս գալ։ Շուշիի ստորոտով, թաքուն ճանապարհներով գնացինք տուն։ Սեպտեմբերի 24-ին մեր մեքենայով, յոթ հոգով տնից դուրս եկանք։ Տանս դուռն էլ չեմ փակել, բանալին վրան եմ թողել»-նշեց Էլիզա Գրիգորյանը։
38 ժամ ճանապարհ են եկել։ Երեխաները սովից լացել են։ Ապօրինի տեղադրված անցակետում շատ են վախեցել, ասում է՝ չի մոռանա ադրբեջանցիների հայացքները։
Մանրամասները՝ տեսանյութում։