Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արմեն Ղալեչյանը պահանջում է, որպեսզի մի շարք ԶԼՄ-ներ հերքեն այն հրապարակումը, որում նշվում է, որ նա բանակում չի ծառայել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պահանջում եմ հերքում՝ hraparak.am-ը, lurer.com-ն, news.am-ը, sputnik.am-ը yerevan.today-ը և մի շարք ԶԼՄ-ներ, իրար հղում անելով ապատեղեկատվություն են տարածել: Նրանք պնդում են, թե ես չեմ ծառայել բանակում:
Ես՝ Արմեն Ղալեչյանս, ծառայել եմ ՀՀ զինված ուժերի N զորամասում (2008-2010-ին): Եթե այս սուտ տեղեկությունը հրապարակավ չհերքեք, ապա դա կպահանջեմ դատական կարգով։
Ի դեպ, ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացին մասնակցում եմ, որպես ՊՆ նախարարի օգնական: Այսինքն, հանձնաժողովում ներգրավված եմ որպես նախարարի ներկայացուցիչ:
Հետո, որ անձական տվյալներս փորփրելիս չխճճվեք, օգնեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ 2017 թ.-ից:
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայր լինելս ո՛չ արտոնություն է դիտարկվում, ո՛չ էլ «գեներալներին հսկողի» առանձին հաստիք է իջեցվել: Կատարում եմ օրենքով ինձ վերապահված գործառույթները»: