Արտանետումների նվազեցման ճանապարհին 2050 թվականին նավթի դերը փոքրանալու է, իսկ մետաղների, այդ թվում՝ պղնձի դերը մեծանալու․ Վարդան Ջհանյան

«Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» սեմինար-քննարկում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, որի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ` Արտյոմ Պետրոսյանը, Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձն ու տեսակետները հանքարդյունաբերության տնտեսական նշանակության վերաբերյալ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը խոսելով հանքարդյունաբերության զարգացման ճանապարհների ու հնարավորությունների մասին՝ նշեց, որ 2050 թվականին ըստ կանխատեսման՝ արտանետումների նվազեցման ճանապարհին շատ մեծ փոփոխություն է լինելու, նավթի դերը փոքրանալու է, իսկ մետաղների, այդ թվում՝ պղնձի դերը մեծանալու է։

«2050 թվականին ըստ զրոյական արտանետումների արագ անցման սցենարի, պղինձն ավելի մեծ դեր է ունենալու համաշխարհային շուկաներում, քան նավթը։ Այսինքն՝ կարևորագույն շուկան դառնալու է ոչ թե նավթային, այլ պղնձի շուկան, և ըստ այդ կանխատեսման պղնձի շուկան լինելու է մոտ 1,1 տրիլիոն դոլար, իսկ նավթինը՝ 1 տրիլիոնից պակաս։

Այդտեղ Հայաստանը և մեր հարևան երկրի չափսն ինչքան կլինի, իհարկե, դժվար է ասել։ Ադրբեջանի մասով 2050 թվականին նավթը համարյա թե զրոյական կլինի, որովհետև իրենց նավթի պաշարները սպառվում են, և հաշվի առնելով ընդհանուր շուկայի ծավալի անկումը, հնարավոր է զրոյական լինի Ադրբեջանի նավթի քանակը միջազգային շուկայում, իսկ թե ինչքան կլինի մեր պղնձի քանակը միջազգային շուկաներում, շատ դժվար է կանխատեսել։

Ներուժը շատ մեծ է, բայց պետք է և՛ պետությունը, և՛ մեր հասարակությունը հասկանանք՝ պետք է արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անենք, որ այս հնարավորությունները, որ ընձեռվելու են Հայաստանի տնտեսությանը պղնձի ձևով, դա օգտագործենք»,-հայտնեց Ջհանյանը։

Նրա խոսքով՝ էներգետիկ անցման նոր տեխնոլոգիաների մեջ մոլիբդենի պահանջարկի աճը նույնիսկ պղնձից առավել է լինելու։

Իր ելույթում ներկայացրեց նաև Հայաստանի ՀՆԱ-ն և հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում, նաև խոսեց Հայաստանում հանքարդյունաբերության արտադրության ծավալների ավելացման ուղիների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել