Նախատեսվում է ստեղծել ՀՀ քաղաքացիների և բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական շտեմարան․ Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք իրավական նախաձեռնությունների, այդ թվում՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծին:
Հանդիպման շրջանակում ներկայացվել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, շրջանակը, մեխանիզմները, ազդեցությունն ու արդյունքները:
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ կարգավորման հիմնական նպատակն է ձևավորել ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական շտեմարան, ձևավորել անձի իրավական ինքնության և նույնականացման հավաստման ամբողջական, վստահելի և միակ ճշմարիտ աղբյուր, ապահովել քաղաքացիներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածին տրամադրվող ստույգ, որակյալ և ճշգրիտ անձնական տվյալներ: Այս նպատակով առաջարկվում է հետևյալ լուծումը՝ ձևավորել անձի վերաբերյալ միասնական ճշմարիտ տեղեկատվության սկզբնաղբյուր` անձի կենսական իրադարձությունների ամբողջական ցիկլի ներառմամբ:
Ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել առաջարկվող լուծումները ներառել նախագծում»,-ասված է հաղորդագրության մեջ: