Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում ի պատասխան «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի դիմումի՝ պաշտոնապես պարզաբանում է տվել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ։
«Դիմումատուն առաջարկում էր հայերենին չտիրապետող ընտրողներին դիտարկել որպես ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողներ, և իրենց նկատմամբ ևս կիրառել ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունենալու նորմը, այսինքն քվեախցիկում այլ անձ օգնի քվեարկել։
Հանձնաժողովն իր պարզաբանման մեջ հիշեցրել է, որ օրենսդիրն ընտրողի կողմից քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու կամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ եզրահանգումն արել է յուրաքանչյուր դեպքում կոնկրետ հանգամանքներին գնահատական տալով։ Հետևապես, որևէ հանգամանք ինքնին (այդ թվում՝ հայերենին չտիրապետելը) չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով՝ ընտրողին քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ճանաչելու կամ ընտրողին որպես քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող որակելու համար:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հարցը զեկուցելիս հավելեց, որ մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային կենտրոններում փակցված կլինեն պաստառներ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներն օտար լեզուներով (ռուսերենով և անգլերենով):
Հետևաբար հայերենին չտիրապետող ընտրողները կկարողանան օգտվել այդ պաստառներից»,-նշվում ԿԸՀ պարզաբանման մեջ։