ԿԿՀ անդամի ընտրության հարցի քննարկմանը 4 պատգամավոր էր մասնակցում

Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկմանը մասնակցում էր 3 պատգամավոր և նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ։

Նշենք, որ 3 պատգամավորներն էլ հարց ուղղեցին թեկնածուին։ Առաջինը անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր։ Հայտնեց՝ հանդիսանում է հայտարարատու պաշտոնատար անձ, սակայն ամեն անգամ խնդիրների է բախվում հայտարարագիրը լրացնելիս։ Կայքում էլ հեռախոսահամարներ կան, սակայն հարցի լուծումը տալ չի հաջողվում։

Մարիաննա Բաղինյանը նշեց, որ դեռևս 2017-ից ինքն էլ է հայտարարագիր ներկայացնում, որպես պաշտոնատար անձի կին, սակայն վերջին տարիներին մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք հեշտացրել են հայտարարագիր ներկայացնելու ընթացքը։

«Շուրջ 6000 հայտարարատու ունենք, որոնք միևնույն ժամանակահատվածում, մայիս ամսին, պետք է սպասարկի 3-4 աշխատակից։ Ցավոք սրտի, մեր հասարակությունը հայտարարագիրը լրացնում է ոչ թե հունվարից մինչև մայիս, այլ մայիսին՝ մայիսի 30-31-ը։ Հեռախոսահամարներին ոչ թե չեն պատասխանում, այլ հնարավոր է, որ նույն պահին աշխատակիցը մեկ այլ հայտարարատուի հետ է խոսում»,-նշեց Բաղինյանը։

Թովմասյանը պնդեց՝ մայիսի վերջին օրերին չի լրացնում հայտարարագիրը, հետևաբար չէր կարող այդ «խցանման» մեջ հայտնվել, ընթերցեց այն հեռախոսահամարները, որոնցով փորձել է կապվել հանձնաժողովի հետ։ Նա նաև խնդրեց թեկնածուին հայտնել, թե ով է նրա ամուսինը՝ շահերի հետագա բախման խնդրից ազատվելու համար։

Մարիաննա Բաղինյանը հայտնեց, որ վերջին 20 տարվա ընթացքում ամուսինն աշխատում է քննչական և դատախազական համակարգերում, իսկ այս պահին զբաղեցնում է դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնը․ «Ինձ հայտնեցին նաև, որ Ձեր օգնականի հետ կապվել են հայտարարագրի հետ կապված խնդրի մասով»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտնեց, որ դահլիճում իշխող քաղաքական ուժի պատգամավորները քիչ են, որովհետև խմբակցությունը նիստ է գումարել՝ Գլխավոր դատախազի միջնորդագրերի մասով որոշում կայացնելու համար։ Բացի այդ, նա հարց ուղղեց թեկնածուին, խնդրեց հայտնել՝ որ կոռուպցիոն բնույթի ռիսկերն են գերակշռում ՀՀ-ում, ինչպես կարելի է դրանց դեմ պայքարել։ Բաղինյանը ընդգծեց այն իրավիճակները, երբ հայտարարատուները չեն կարողանում ներկայացնել իրենց գույքի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերը։

Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը խնդրեց կոնկրետ քայլերի մասին խոսել, որոնցով հանձնաժողովին հաջողվել է կանխարգելել կոռուպցիան։ Մարիաննա Բաղինյանը նշեց, որ նման դեպք հիշում է, որը վերջերս է տեղի ունեցել։

Թափուր պաշտոնի հավակնող թեկնածուներից մեկի բարեվարքության ուսումնասիրության ընթացքում խնդիրներ են հայտնաբերվել և եթե համապատասխան փաստաթղթեր չներկայացվեն, ապա բացասական եզրակացություն է տրվելու․ «Բացասական եզրակացության դեպքում թեկնածուն հնարավորություն չէր ունենա ոչ միայն նշանակվել նոր պաշտոնում, այլ նաև ծառայողական քննություն սկսելու հիմք կդառնար, ինչը կարող էր բերել նաև արդեն զբաղեցրած պաշտոնից ազատման։ Բարեվարքության ուսումնասիրությունը ընդհատվեց, քանի որ հաջորդ օրը վերջինս դիմում գրեց և հեռացավ համակարգից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել