«Ես մի քանի դրվագ եմ ունեցել, ներողություն եմ խնդրել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպին

«Հենց միջադեպին ծանոթացել եմ, ես զանգահարել եմ իրեն, դուրսն էի, երկրում չէի։ Զանգահարել եմ, իր հետ խոսել եմ, ուզել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,-ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսպես արձագանքեց Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։

«Ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել, ներողություն եմ խնդրել, համարում եմ, որ դրանով ես էլ ավելի ուժեղացել եմ, և կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, ավելի ուժեղանում է»,-ասաց Սիմոնյանը։

Էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցին ԱԺ նախագահը պատախանեց, որ դա խմբակցության ղեկավարի որոշելիքն է, այլ ոչ թե՝ իր։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում թիրախավորել էր կին լրագրողին։

Նա սկզբում լրագրողին ասել է, որ վերջինս իրենից հեռու կանգնի, այնուհետև ավելացրել․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց, մաքրեք Ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ներողություն է պահանջել, սակայն պատգամավորը հրաժարվել է ներողություն խնդրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել