Նարինե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խոշոր չափի հափշտակություն։ Նա ներկայացել է որպես պայծառատես, բախտագուշակ, էքստրասենս, ինչպես նաև հոգևոր բժիշկ։ Մ․ Հ․-ին հաղորդել է գոյություն չունեցող կեղծ տվյալներ։ Վերջինիս ունեցած առողջական խնդիրները լուծելու, թուղթ ու գիրը հանելու, կապանքները քանդելու կեղծ խոստում է տվել։ Ինչպես նաև տղամարդու վրայից բացասական էներգիան և ապագայում սպասվող ավտովթարը հեռացնելու կեղծ պատրվակով դիտավորությամբ, մոլորության մեջ գցելով՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին պահանջել և ստացել է 750.000 դրամ գումար, ընդհանուր 154.000 դրամ արժողությամբ 2 ոսկյա մատանի, ինչպես նաև 14000 դրամ արժողությամբ կանացի հագուստ։ Մ․ Հ․-ին պատճառել է ընդհանուր 918.000 դրամի գույքային վնաս։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին։
Նարինե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով։ Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: