Մարտի 17-ին, ժամը 12.29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին և 34-ամյա եղբայրը: Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով մի քանի հարված են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակ, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ և կրակել օդ:
Որդին, հայրը և նրա եղբայրը ձերբակալվել ու տեղափոխվել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Մարտի 17-ին խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և դատարանի որոշման հիման վրա մարտի 19-ին կատարված խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է գազային ատրճանակը, որով 17-ամյա որդին կրակել էր օդ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: