Ինչպես և սպասվում էր, իշխանական լրատվամիջոցը հերթական անգամ փորձել է մանիպուլացնել հանրային կարծիքը՝ հրապարակելով կեղծ սոցիոլոգիական հարցման «արդյունքներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Իրականում նման հարցում գոյություն չունի, որևէ հայտնի սոցիոլոգիական կազմակերպություն նման հետազոտություն չի իրականացրել, և սա բացահայտ կեղծիք է՝ իրականացված ոչ միայն լրատվամիջոցի, այլև բազմաթիվ իշխանական պաշտոնյաների կողմից։
ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ պահանջներ ունի սոցիոլոգիական հարցումների հրապարակման վերաբերյալ՝ պահանջելով հարցման իրականացման ժամկետների, հարցվողների թվի, ընտրանքի ձևի, հավաքման եղանակի, ճշգրիտ հարցերի, հնարավոր սխալի չափի և պատվիրատուի հրապարակումը։ Այս ամենի բացակայության պայմաններում տարածված որևէ «հետազոտություն» դիտարկվում է որպես մանիպուլյացիա և ընտրողների կամքի վրա ազդելու մեխանիզմ, ինչը ՀՀ օրենսդրությամբ արգելված է և պատժվում է վարչական տույժերով։
Այս խախտումը չի կարող անտեսվել։ Սպասում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձագանքի և կձեռնարկի համապատասխան քայլեր՝ ապահովելու օրենքի պահպանումն ու բացառելու ապօրինի տեղեկատվական միջամտությունները նախընտրական գործընթացներում։
Գյումրին արժանի է մաքուր ընտրությունների՝ առանց կեղծիքների, առանց քարոզչական մանիպուլյացիաների, առանց կեղծ սոցիոլոգիաների»,-նշել է նա։
