Կարճ ասած՝ պետությունը ասում է՝ «էլ ինչ անենք, որ հասկանաս, որ չպիտի բողոքարկես, պիտի մուծես»․ Հարութ Ակլունց

Կարճ ասած՝ պետությունը ասում է՝ «էլ ինչ անենք, որ հասկանաս, որ չպիտի բողոքարկես, պիտի մուծես»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը։

«Ի՞նչ է ուզում անել կառավարությունը Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով՝ պարզ խոսքով.

Գործող օրենքով, երբ պետական մարմինը ձեր վերաբերյալ որոշում կամ ակտ է կայացնում, դիցուկ՝ պարեկը տուգանք է նշանակում, և դուք բողոքարկում եք այն դատարան, դուք չպետք է վճարեք տուգանքի գումարը, մինչև դատարանը չորոշի, թե արդյոք ակտն օրինական է:

Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով անկախ նրանից, որ դուք բողոքարկել եք այդ ակտը, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ վճարել տուգանքը  հետո նոր դատարանը որոշի՝ ով էր ճիշտ:

Եվ սա այն դեպքում, որ նախորդող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, արդեն՝

եթե չբողոքարկեցիք, այդ գումարն առանց Ձեզ հարցնելու և առանց դատարանի որոշման բռնագանձելու են,

մինչև դատարան դիմելը պարտադիր պետք է բողոք ներկայացնեք վերադասության կարգով,

դատարանի բողոքարկման համար ստիպված եք պետական տուրք վճարել,

թանկացած փաստաբանական ծառայությունների համար պետք է վճարեք,

գործն էլ որ հաղթեք, դատարանը կորոշի հատուցել փաստաբանին փաստացի վճարած ծախսից առնվազն 10 անգամ փոքր գումար,

Վերջում էլ Ձեր գումարները հետ ստանալու համար պիտի ընկնեք պետական մարմինների դռները:

Հիմա էլ ասում են՝ տուգանքը վճարի՝ նոր բողոքարկի…
Կարճ ասած՝ պետությունը ասում է՝ «էլ ինչ անենք, որ հասկանաս, որ չպիտի բողոքարկես, պիտի մուծես»»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել